Jump to content

Խաղաղության ստորագրում Հայելիների դահլիճում (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաղաղության ստորագրում Հայելիների դահլիճում
տեսակգեղանկար
նկարիչՈւիլյամ Օրփեն
տարի1919
բարձրություն152,4 սանտիմետր
լայնություն127 սանտիմետր
ժանրպատմական գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էԿայսերական ռազմական թանգարան
հավաքածուԿայսերական ռազմական թանգարան
հիմնական թեմաՎերսալյան պայմանագիր
Ծանոթագրություններ
 The Signing of Peace in the Hall of Mirrors Վիքիպահեստում

«Խաղաղության ստորագրումը Հայելիների դահլիճում» (անգլ.՝ The Signing of Peace in the Hall of Mirrors), կամ «Խաղաղության ստորագրումը Հայելիների դահլիճում, Վերսալ, 28 հունիսի 1919» (անգլ.՝ The Signing of Peace in the Hall of Mirrors, Versailles, 28th June 1919), իռլանդացի նկարիչ Ուիլյամ Օրփենի նկարը։ Հեղինակն այն վրձնել է 1919 թվականին, նվիրված է Վերսալյան հաշտության պայմանագրին, որով ավարտվել է Առաջին համաշխարհային պատերազմը։ Ներկայումս նկարը գտնվում է Լամբերտի (Լոնդոն, Միացյալ Թագավորություն) կայսերական զինվորական թանգարանի հավաքածուում։

Իռլանդացի նկարիչ Ուիլյամ Օրփենը ծնվել է Դուբլինում (1878—1931)։ Նա հրաշամանուկ էր և արդեն 12 տարեկանում ավարտել է Մետրոպոլիտեն արվեստի դպրոցը և մեկնել է Լոնդոն՝ Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոցում սովորելու համար․ սկզբում սովորել է Հենրի Տոնկսի մոտ։ Ժան Բատիստ Շարդենի, Ուիլյամ Հոգարթի, Անտուան Վատտոի և առավելապես Ռեմբրանդի ստեղծագործությունների ազդեցությամբ Օրփենը դարձել է հաջողակ և հայտնի դիմանկարիչ։ Նրա աշխատանքները պարբերաբար ցուցադրվել են Գեղարվեստի թագավորական ակադեմիայում։ 1916 թվականի ապստամբությունից հետո՝ Օրփենի աշակերտ և հովանավորյալ նկարիչ Շոն Կիտինգը նրան խնդրել է վերադառնալ հայրենիք՝ իռլանդական ստեղծագործական արվեստի աշխատանքներին մասնակցելու համար, սակայն նա գերադասել է մնալ Անգլիայում և հավատարիմ լինել Բրիտանական կայսրությանը։ Շուտով Օրփենը արքայական բանակի զինվորական կորպուսի կողմից գեներալ-մայորի կոչումով դարձել է զինվորական նկարիչներից մեկը և 1917 թվականին մեկնել է Առաջին համաշխարհային պատերազմի Արևմտյան ճակատ։ Ճակատամարտերում, հոսպիտալներում, ճամբարներում՝ շարքային զինվորների ողբերգական կյանքին եղել է ականատես, ինչն էլ ավելի է հարստացրել նրա գեղարվեստական տաղանդը։ Նա մնացած նկարիչներից ավելի երկար է մնացել Ֆրանսիայում և գրել է․ «Իմ կյանքում երբեք այսքան զբաղված չեմ եղել»։

1918 թվականին Օրփենի՝ զինվորական թեմաներով 125 աշխատանքներ, ցուցադրվել են Միացյալ Թագավորությունում և ԱՄՆ–ում, որտեղ ներկա է եղել թագուհի Մարիան, իսկ նկարիչն արժանացել է «Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ» պարգևին։ Դրանից հետո Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Լլոյդ Ջորջի աջակցությամբ՝ նա Միացյալ Թագավորության Տեղեկատվության նախարարությունից լրացուցիչ երեք նկար վրձնելու պատվեր է ստացել, որոնց վրա պետք է պատկերված լինեին դիվանագետներ, քաղաքական, զինվորական գործիչներ, ովքեր 1919 թվականի Փարիզի խաղաղության վեհաժողովի բանագնացներ են եղել[1][2][3][4][5]։

Բանակցությունները, որոնք սկսվել են 1919 թվականի հունվարի 18–ին, թույլ են տվել Առաջին համաշխարհային պատերազմի հաղթող դաշնակից ազգերին ձևակերպել Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը, համաչափորեն բաժանել ֆինանսական և նյութական կորուստը, որոնք հասցվել են պարտվող կողմից հաղթող կողմերին, լուծել Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի պատերազմական տուգանքների փոխհատուցման գործընթացը։ Կոնֆերանսը, որը տեղի էր ունենում բանակցային դժվարին պայմաններում, արտահայտում էր պատերազմական տուգանքների վերաբերյալ հասարակական կարծիքիների արձագանքը, ինչը պետք է փորձել համապատասխանեցնել այդ տուգանքները վճարելու Գերմանիայի կարողության ու ցանկության հետ։

Բանակցություններում քննարկվում էին նաև այլ հարցեր, ինչպես օրինակ՝ Ազգերի լիգայի ստեղծումը և նոր ազգային պետությունների կազմավորումը։ Խաղաղ պայմանագիրը ստորագրվել է 1919 թվականի հունիսի 28–ին Վերսալի պալատի Հայելիների դահլիճում, որը կառուցվել է Լյուդովիկոս XIV–ի կողմից՝ ի նշան իր իշխանության ցուցադրության։ Վերսալի պալատի ընտրությունը պատահական չէր․ հենց այնտեղ է 1871 թվականի հունվարի 18–ին՝ Ֆրանս-պրուսական պատերազմի ավարտից հետո, Օտտո ֆոն Բիսմարկը 1871 թվականին Գերմանիան հռչակել որպես կայսրություն՝ դրանով իսկ ամբողջ Եվրոպան ներքաշելով պատերազմի մեջ։ Պայմանագրի ստորագրման համար Ֆրանսիայի վարչապետ Ժորժ Կլեմանսոյի հրահանգով՝ սրահի հատակը ծածկվել է մանրահատակով և ծածկվել Լյուդովիկոս XIV–ի ժամանակաշրջանի գորգերով, ի լրումն այդ ամենի՝ Ելիսեյան պալատից հատուկ կահույք են բերել, այդ թվում՝ գեղեցիկ սեղաններ և մեծ բազկաթոռներ։ Պատերազմից արյունաքամ և ամբողջովին հյուծված երկրում մի քանի ժամվա ընթացքում Հայելիների դահլիճն արժանի վայր է դարձել խոշոր դիվանագիտական իրադարձության համար։ Քաոսային և միաժամանակ նշանավոր արարողակարգով պայմանագրի կնքումը տևել է ընդամենը 45 րոպե, ներկա է եղել 27 պատվիրակություն՝ 32 պատվիրակով, ինչպես նաև հազարից ավելի բարձրաստիճան անձինք ու մամուլի ներկայացուցիչներ։ Պատերազմի սանձազերծման համար ստանձնելով իր պատասխանատվությունը՝ Գերմանիան կորցրել է իր 68 հազար քառակուսի կիլոմետր տարածքը՝ 8 միլիոն ազգաբնակչության հետ, ովքեր բնակվում էին Էլզաս–Լոթարինգիայում՝ հանձնված Լեհաստանից, որն Արևելյան Պրուսիայի մի մասն էր, պարտավորվել է վճարել 20 միլիարդ ոսկի մարկ՝ Ֆրանսիային հասցված վնասի համար, կորցրել է գաղութների նկատմամբ իշխանությունը և հարկադրաբար համաձայնել է ոչնչացնել սպառազինությունը։ Երազելով խաղաղության մասին՝ դաշնակիցները միայն մոտեցրին Երկրորդ համաշխարհային պատերազմը, քանի որ ընդամենը 20 տարի անց՝ նվաստացած Գերմանիան սկսել է վրեժխնդրի լինել[1][6][7][8][9][10]։

Նկարը նկարված է կտավի վրա՝ յուղաներկով, չափսերն են՝ 152,4 × 127,0 սմ[1]։ Կտավի վրա պատկերված է խաղաղ պայմանագրի ստորագրման պահը, դաշնակից երկրների առաջատար ներկայացուցիչների քաղաքական կամքի, միասնության և վճռականության դրսևորումը։ Օրփենը միտումնավոր հրաժարվել է ամբոխի պատկերումից, կենտրոնացել է քաղաքական առաջնորդների խմբակային դիմանկարի վրա, ովքեր ծեր, մորուքավոր տղամարդիկ էին՝ սև ֆրակներով, նստած կամ կանգնած Վերսալյան ամրոցի շլացուցիչ կերպով կահավորված Հայելիների դահլիճի երկար սեղանի շուրջ։ Նկարը նման է Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» նկարին։ Լեոնարդոյի պես՝ Օրփեն կոտրել է սեղանի և աթոռների բազմերանգ շարունակական շարքը՝ առաջին պլան մղելով պայմանագիր ստորագրող երկու գերմանացիներին։ Նրանց գլխավերևում երևում է «Թագավորն իշխում է միայնակ» գրությունը, որը հղում է կատարում բանակցությունների ընթացքում տեղի ունեցող վիճաբանություններին․ դրանք առաջանում էին այն պատճառով, որ դաշնակիցները ոչ մի կերպ ընդհանուր եզրեր չէին գտնում պատերազմական տուգանքների կիրառման կարգի վերաբերյալ, քանի որ գերմանական կողմը պնդում էր, որ հնարավոր չէ վճարել այդ տուգանքը։ Պետական գործիչները մեծ սրահում շատ փոքր են թվում, Օրփենը միտումնավոր է ընդգծել սրահի ճարտարապետական արտասովորությունը։ Նա Ռեմբրանդի պես կիրառել է բարձր ճարտարապետությունը՝ պատկերելու համար ինչպես քաղաքական ջանքերի աննշան լինելը, այնպես էլ համաշխարհային առաջնորդների փառամոլությունն ու ձևամոլությունը, որը զբաղեցնում է կտավի մոտ մեկ քառորդ մասը։ Իսկական դրամատիզմը կայանում է երկու մեծ սյուների միջև եղած երեք հայելային կամարների ապակիների և երկնքի կոտրված անդրադարձի մեջ, ինչն ակնարկում է ձեռք բերված խաղաղության՝ փխրուն լինելու մասին։ Անդրադարձի մեջ երևում է նաև նկարիչը, կարծես թե ոչ ոքի հետաքրքիր չեն ո՛չ քաղաքական գործիչները, ՛ոչ էլ խաղաղության ստորագրման պահը, որը դարձել է պատերազմի իրական ավարտի դիվանագիտական ճակատը[1][2][3][11]. Պայմանագրի ստորագրում։

Կենտրոն, առջևի պլան, համաձայնագրի ստորագրում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Յոհանես Բելլ՝ Գերմանիայի Կենտրոնական կուսակցության անդամ, գաղութների կառավարման գծով նախարար, Հաղորդակցության ուղիների նախարար
  • Գերման Մյուլեր՝ Գերմանիայի սոցիալ–դեմոկրատական կուսակցության անդամ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար

Ձախից աջ նստածներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գեներալ Տասկեր Բլիսս՝ ԱՄՆ ցամաքային զորքերի նախկին շտաբի պետ
  • Էդվարդ Հաուզ՝ ԱՄՆ նախագահի խորհրդական
  • Հենրի Ուայթ ՝ Ֆրանսիայում՝ ԱՄՆ նախկին դեսպան, Իտալիայում՝ ԱՄՆ դեսպան
  • Ռոբերտ Լանսինգ՝ ԱՄՆ պետաքարտուղար
  • Վուդրո Վիլսոն՝ ԱՄՆ նախագահ
  • Ժորժ Կլեմանսո՝ Ֆրանսիայի վարչապետ
  • Դեյվիդ Լլոյդ Ջորջ՝ Միացյալ Թագավորության վարչապետ
  • Էնդրյու Բոնար Լոու՝ լորդ, Փոքր կնիքի լորդ-պահապան, հետագայում՝ Միացյալ Թագավորության վարչապետ
  • Արթուր Ջեյմս Բալֆուր՝ Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար, նախկին վարչապետ
  • Ալֆրեդ Միլներ՝ գաղութների գծով պետական քարտուղար
  • Ջորջ Բարնս՝ քաղաքական գործիչ, առանց պորտֆելի նախարար, ազգային դեմոկատական և լեյբորիստական կուսակցության առաջնորդ
  • Սայոնձի Կիմմոտի՝ Ճապոնիայի կայսեր խորհրդական, Ճապոնիայի նախկին վարչապետ

Ձախից աջ կանգնածներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն և ճակատագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատվերի համար Օրփենին վճարել են 3 հազար ֆունտ ստերլինգ, որը պատերազմի ժամանակաշրջանում արվեստի գործի համար ռեկորդային գումար էր, այն դեպքում, երբ Ջոն Սինգեր Սարջենթն իր մեկ նկարի համար՝ «Գազից թունավորվածները» ստացել է միայն 300 ֆունտ ստերլինգ[1][2][3]։ Տվյալ կտավը՝ «Խաղաղության ստորագրումը Հայելիների դահլիճում» ստեղծվել է Օրփենի կողմից 1919 թվականին[1]։ Նրա երկրորդ նկարը՝ «Խաղաղ կոնֆերանս՝ Օրսեի ափին» նույնպես առանձնանում է պալատական ճարտարապետության ֆոնին եղած քաղաքական գործիչների և չնչին կերպարների նկատմամբ նկարչի ունեցած արհամարհանքով[12]։ Պատվիրակների ձևապաշտության պատճառով վերջնականապես հիասթափվելով կոնֆերանսի գաղափարախոսությունից՝ Օրփեն, իր արդեն պատրաստ երրորդ նկարից մաքրել է գունեղ սեղանը, և փոխել է թեման՝ ցույց տալով պատերազմի հետևանքների վերաբերյալ պաշտոնական և հասարակական դիրքորոշումներում առաջացած անդունդը[2][4], նոր աշխատանքը նվիրվել է «Ֆրանսիայում գտնվող անհայտ բրիտանացի զինվորին»[13]։ Ներկայումս «Խաղաղության ստորագրումը Հայելիների դահլիճում» նկարը գտնվում է Լոնդոնում՝ Լամբերտի Կայսրական զինվորական թանգարանի հավաքածուի մեջ[1]։ Ցուցասրահի պատին՝ Օրփենի՝ «Խաղաղության ստորագրումը Հայելիների դահլիճում» և «Խաղաղ կոնֆերանս՝ Օրսեի ափին» նկարների միջև կախված է Սարջենտայի՝ «Գազից թունավորվածները» [14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «The Signing of Peace in the Hall of Mirrors, Versailles, 28th June 1919». Имперский военный музей. Վերցված է 6 ноября 2016-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Roger Tolson. «Art from Different Fronts of World War One». BBC. Վերցված է 8 ноября 2016-ին.
  3. 3,0 3,1 3,2 Catherine Marshall, Fintan O'Toole (21 апреля 2015). «William Orpen's great painting is a work of supreme ambivalence, both memorialising and questioning the first World War and what would be a highly problematic peace». The Irish Times. Վերցված է 8 ноября 2016-ին.
  4. 4,0 4,1 Catherine Marshall (21 апреля 2015). «Modern Ireland in 100 Artworks: William Orpen's The Signing of Peace, Versailles». Ирландская королевская академия. Արխիվացված է օրիգինալից 2020-09-29-ին. Վերցված է 8 ноября 2016-ին.
  5. «Sir William Orpen. Biography». Викторианский университет. Վերցված է 8 ноября 2016-ին.
  6. «1871 Proclamation of the German Empire». Версальский дворец. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 8 ноября 2016-ին.
  7. «1919 The Treaty of Versailles». Версальский дворец. Վերցված է 8 ноября 2016-ին.
  8. «1919: The signing of the Treaty of Versailles». Версальский дворец. Վերցված է 8 ноября 2016-ին.
  9. «Treaty of Versailles signed, establishes peace after World War I». Издательство Оксфордского университета. 28 июня 2012. Վերցված է 8 ноября 2016-ին.
  10. Jeb Sharp (8 октября 2008). «How wars end part III: World War I». Public Radio International[en]. Վերցված է 8 ноября 2016-ին.
  11. Weston, 2016, էջ 166
  12. «A Peace Conference at the Quai d'Orsay». Имперский военный музей. Վերցված է 8 ноября 2016-ին.
  13. «To the Unknown British Soldier in France». Имперский военный музей. Վերցված է 8 ноября 2016-ին.
  14. Cooper, 2001, էջ 412

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]